National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.12.2021
Հակոբ Արշակյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրենին ու Հայաստանում Գերմանիայի դեսպանին
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը եւ բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Հակոբ Արշակյանը Վիկտոր Ռիխտերին բեղուն գործունեություն է մաղթել եւ համոզմունք հայտնել, որ վերջինս կնպաստի հայ-գերմանական կապերի խթանմանը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկու պետությունների ու խորհրդարանների միջեւ բարեկամական հարաբերությունները ներդաշնակ զարգանում են եւ այս համատեքստում շեշտել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների դերը:

«Հայաստանը ողջունում է գերմանական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված ջանքերը»,-ասել է Հակոբ Արշակյանը: Այս առնչությամբ նա բարձր է գնահատել նախորդ տարի հոկտեմբերի 29-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցով Բունդեսթագում կայացած քննարկումները:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է հայ ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը՝ այս առումով ակնկալելով Գերմանիայի ակտիվ դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր եւ ԵՄ առաջատար պետություններից մեկը: Նա կարեւորել է վերոնշյալ հարցով Բունդեսթագում մարտին կայացած հատուկ քննարկումը:

Մաթիաս Լյութենբերգն իր հերթին կարեւորել է հայ-գերմանական կապերի զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ նորընտիր Բունդեսթագի հետ կձեւավորվի արդյունավետ համագործակցություն: Այս առնչությամբ հյուրն ընդգծել է բարեկամական խմբերի գործուն մասնակցությունը: Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ համագործակցության խորացման համատեքստում Մաթիաս Լյութենբերգը շեշտել է առաջիկայում անցկացվելիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը:

Հյուրը հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նաեւ եռանախագահների այցը տարածաշրջան:

Արման Եղոյանն անդրադարձել է Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը՝ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության համատեքստում կարեւորելով ԵՄ աջակցությունը մեր երկրին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո: Ըստ նրա՝ տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերվի. Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ժողովրդավարական երկիր, առաջընթաց է գրանցում,  ինչը պետք է հիմք լինի, որ Արեւելյան գործընկերության ձեւաչափում մեր երկիրն ավելի մեծ ուշադրության արժանանա: Ի թիվս հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ Արման Եղոյանը կարեւորել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենադարձումը: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք:

Հռիփսիմե Հունանյանը բարձրացրել է երկու երկրների փոխգործակցության խորացման հարցը հատկապես գիտակրթական, մշակութային եւ առողջապահական ոլորտներում, կարեւորել փորձի փոխանակումը եւ համատեղ ծրագրերի իրականացումը:

Որպես համագործակցության օրինակ՝ մասնավորապես նշվել է նաեւ Բեռլինի ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծումը: 

Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ մի շարք այլ ոլորտներում եւս կապերի ընդլայնման հեռանկարները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am